Զեղծարարները բաժանորդներին կեղծ ծրագրեր են ուղարկում և հափշտակում գումարներ
Team Telecom Armenia-ը զգուշացնում է իր բոլոր բաժանորդներին վերջերս ի հայտ եկած հեռախոսային խարդախության մասին։
Ընկերության հաղորդմամբ՝ անհայտ անձինք զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում ընկերության աշխատակից և հայտարարում, թե հեռախոսահամարը կարող է անջատվել, եթե չկատարվեն իբր 5G ցանցին միանալու կարգավորումներ։ Դրան զուգահեռ՝ հաղորդագրությունների հավելվածներով ուղարկվում են կասկածելի հղումներ և ծրագրեր, որոնք պահանջում են անջատել անվտանգության համակարգերը և տեղադրել դրանք։
Ընկերությունը ընդգծում է, որ իր աշխատակիցները երբեք չեն պահանջում տեղադրել անհայտ ծրագրեր, անջատել անվտանգության համակարգերը կամ տրամադրել բանկային ու ֆինանսական տվյալներ։
Հայտարարության մեջ նշվում է, որ նման համարները արգելափակվում են, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ բաժանորդների պաշտպանությունն ապահովելու համար։
Ընկերությունը նաև հիշեցնում է, որ 5G ծառայության ակտիվացման համար հավելված տեղադրելու անհրաժեշտություն չկա։ Հարցերի դեպքում բաժանորդները կարող են զանգահարել 100 կարճ համարին կամ կապ հաստատել ընկերության պաշտոնական էջերի միջոցով։

