ՀՀ բոլոր ապահովագրական ընկերությունները միացել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին

ՀՀ Առողջության ապահովագրության հիմնադրամը փետրվարի 25-ին հուշագիր է ստորագրել «Նաիրի ինշուրանս», «Ռեգո ինշուրանս» և «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերությունների հետ։ Այսպիսով, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միացել են հանրապետությունում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերությունները։

Համակարգի շրջանակում պետության կողմից ձևավորված բազային ապահովագրական փաթեթը կլրացվի մասնավոր ընկերությունների կողմից առաջարկվող հավելյալ ծառայություններով։ Նպատակն է ապահովել պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը և ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլում ներառվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարին լրացած անձինք։ Նրանց համար 2026 թվականին նախատեսված է պետական 100-տոկոսանոց աջակցություն։

Տարեկան ապահովագրական փաթեթը կազմում է 129 600 դրամ և ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերման, սքրինինգային, հիվանդանոցային, դեղորայքային և շտապօգնության ծառայություններ։ 200-ից 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ նրանց կողմից «Զինապահ» հիմնադրամին փոխանցվող գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգին։