Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հետաքննությունը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննության մեկնարկային նիստը՝ «Erasing the Past: The Destruction of Cultural Heritage» («Ջնջելով անցյալը․ մշակութային ժառանգության ոչնչացում») խորագրով։
Հետաքննությունը նվիրված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի ուսումնասիրությանը։
Ինչպես նշված է Խորհրդարանի պաշտոնական էջում, նախաձեռնության հեղինակները նշում են, որ զինված հակամարտությունների ընթացքում կամ դրանց ավարտից հետո մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը դարձել է ավելի հաճախակի երևույթ։ Մշակութային ժառանգությունը ժողովրդի ինքնության և պատմության կարևոր վկայությունն է, իսկ դրա վնասումն ու ոչնչացումը՝ թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ձևերով, կորուստ է ոչ միայն տվյալ համայնքի, այլև ողջ միջազգային հանրության համար։
Հետաքննությունը միտված է՝ գնահատելու 2023 թվականին հակամարտության սրացումից հետո Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման ծավալն ու բնույթը, ինչպես նաև հայկական ներկայության հետքերի վերացման փորձերը, ուսումնասիրելու մինչ օրս ձեռնարկված իրավական քայլերը՝ առանձնացնելով հաջողված փորձը, բացթողումները և Մեծ Բրիտանիայի կառավարությանը և միջազգային դերակատարներին ներկայացնելու առաջարկություններ՝ համայնքին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ նախաձեռնությունը հարթակ է տրամադրում տուժածներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ իրենց ձայնը լսելի դարձնելու և առաջարկությունների ձևավորման գործընթացին մասնակցելու համար։
Հետաքննությունը նախատեսվում է իրականացնել հինգ փուլով․ նախնական քարտեզագրում՝ մշակութային ոչնչացման վերաբերյալ առկա ապացույցների և իրավական արձագանքների ուսումնասիրմամբ, բաց դիմումների ընդունում, 2-3 հանրային լսումների կազմակերպում՝ փորձագետների և վկաների մասնակցությամբ, եզրափակիչ զեկույցի հրապարակում և արդյունքների և առաջարկությունների ներկայացում Մեծ Բրիտանիայի կառավարությանը, այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին։
Առաջին նիստին ելույթ է ունեցել «Արցախ միության» նախագահ, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Հետաքննությունն իրականացվում է Միջազգային փաստաբանների ընկերակցության Մարդու իրավունքների հիմնարկի կողմից՝ Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի և Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի հետ համագործակցությամբ։

