ՀայաստանՊատահար

«Զվարթնոց» օդանավակայանում ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտվել

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանության ծառայողները մայիսի 12-ին ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և հարկերից խուսափելու կասկածանքով ձերբակալել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 23-ամյա բնակչին։

Ոստիկանության հաղորդմամբ՝ պարզվել է, որ երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող ուղևորներից վերցրել է թանկարժեք բջջային հեռախոսներ՝ ենթադրաբար հետագայում վերավաճառելու նպատակով։ Ձերբակալման պահին նրա մոտ հայտնաբերվել է ութ սմարթֆոն և 10 լիցքավորման սարք։

Հետագա գործողությունների ընթացքում նրա ազգականը ներկայացրել է ևս 19 բջջային հեռախոս: Դրանք նույնպես, նախնական տվյալներով, կասկածյալին փոխանցվել են տարբեր ուղևորների կողմից։

Դեպքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։

Անի Մարգարյան