
ԵՄ ու ԵԱՏՄ․ տնտեսագետները բացատրում են, թե ինչ կտա Հայաստանին ԵՄ-ին միանալը ու ինչ կխլի Հայաստանից
Հայաստանում վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվում է Եվրամիությանը միանալու հարցը։ Հունվարի 24-ին Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց ու ընդունվեց որոշում, ըստ որի՝ ԵՄ-ին միանալու հարցը կքննարկվի փետրվարի 11-ի ԱԺ լիագումար նիստի ժամանակ։
ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի մասին բուռն արձագանքեցին Կրեմլից՝ նշելով անգամ, որ ԵՄ-ին միանալը կփակի ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար, այսինքն՝ Հայաստանը իր առևտրաշրջանառության հիմնական գործընկերոջը՝ ԵԱՏՄ-ին, կարող է կորցնել։ Մենք վերջերս արդեն անդրադարձել էինք միջազգային երկու կառույցների հետ Հայաստանի առևտրին։ Ի դեպ, ԵԱՏՄ-ի հետ առևտուրը շուրջ 7 անգամ գերազանցում է ԵՄ-ի հետ առևտրին 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ժամանակահատվածում։
Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ այսօր Հայաստանը կապակցված է ռուսաստանյան տնտեսության հետ և շատ այլընտրանքներ չունի։ Ռուսաստանյան տնտեսությունն այսօր պատժամիջոցների տակ է, ունի ներքին լրջագույն համակարգային խնդիրներ, որոնք երկարաժամկետ, նաև միջնաժամկետ առումով կարող են դրսևորվել շատ ցավալի կերպով և ազդել նաև Հայաստանի վրա։
Մենք հիմա վերաարտահանումից, այլ գործընթացներից՝ պատժամիջոցներով պայմանավորված, կարծես թե անուղղակիորեն օգտվում ենք։ Այնուհանդերձ, դա երկար չի կարող տևել և ավելի շատ ռիսկեր է առաջացնում։ Ինչպես այդ շոկերը կտրուկ դրական ազդեցություն են ունեցել, այնպես էլ առաջիկայում կտրուկ բացասական ազդեցություն կունենան և արդեն իսկ դրսևորվում է։
Այն հարցին, թե որն է ԵՄ-ին միանալու նպատակը, եթե Հայաստանի առևտրաշրջանառությունը ավելի մեծ է ԵԱՏՄ-ի հետ, տնտեսագետը պատասխանում է, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվում է, այսինքն՝ Հայաստանի մրցունակությունը, տնտեսվարողների մրցակցային դիրքերը թուլանում են, ռուսական ռուբլին արժեզրկվում է։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր այդ արժեզրկումը ավելի քան 70% է։ Դա նշանակում է, որ մեր ապրանքները ոչինչ չարած, ըստ էության, ռուսական շուկայում 70%-ով առնվազն թանկացել են, իսկ դա մեր արտադրողներին, արտահանողներին արդեն իսկ լուրջ խնդիրների առաջ է դնում։ Այն ցուցանիշները, որոնք օբյեկտիվորեն ներկայացվում են առևտրի ընդլայնում և այլն, դրանք ավելի շատ ներմուծման թվերն են։ Եթե վերջին տարին դիտարկենք, ապա այդ ցուցանիշները պայմանավորված են ոսկու առևտրի ինտենսիվացմամբ, իսկ արտահանման մեջ զգալի մասնաբաժին ունեն վերարտահանման կտորները։ Այսինքն, ասել, որ երկրների միջև առևտրային շղթաները կամ ավելացված արժեքի շղթաները ինտենսիվացել են, կոոպերացիոն կապերը ինտենսիվացել են, մենք ավելի մրցակցային, նպաստավոր դիրքեր ենք ձեռք բերել Ռուսաստանում, այդպես չէ։
Քթոյանը հավելում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին դրված չէ, բայց բոլորն էլ հասկանում են, որ երկարաժամկետում դա բերելու է հենց ԵԱՏՄ-ից դուրս գալուն։ Տնտեսագետը արձանագրում է, որ ԵԱՏՄ անդամ լինելը այսօր Հայաստանի ապրանքները ԵՄ-ում ավելի թանկ են դարձնում։ Պատճառն այն է, որ Հայաստանը Մաքսային միության անդամ է։
ԵՄ շուկա մտնելու դեպքում արդյո՞ք հայկական ապրանքները մրցունակ կդառնան ու արդյո՞ք ԵՄ-ին միանալը այդ առումով երաշխիքներ տալիս է, ըստ Քթոյանի՝ ԵՄ-ն երկարաժամկետ հատվածում կայուն աճի համար ավելի նպաստավոր միջավայր է։
Դիվերսիֆիկացիոն քայլեր չանելու դեպքում ի՞նչ կսպասվի ռուսական տնտեսությանը, որը ուղիղ ազդեցություն կունենան հայկականի վրա, նա նշում է, որ Ռուսաստանի վրա պատժամիջոցները լրջագույն խնդիրների են հանգեցնում։
Չինական ու հնդկական ընկերություններին արգելված է ընդունել, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» ռուսական նավերը։ Նմանօրինակ քայլ եթե արվի, դա կարող է բերել ռուսական տնտեսությունում համակարգային ճգնաժամի խորացմանը, և կարող է պարզվել, որ, օրինակ, մեր ապրանքները արդեն մրցունակ չեն ռուսական շուկայում։ Դա օբյեկտիվ իրողություն է, և մենք պետք է մեր այլընտրանքը ունենանք։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն էլ կարծում է, որ ԵՄ-ին Հայաստանի միանալու խնդիր չկա։ Ըստ նրա՝ Հայաստանը չի կարող միանալ ԵՄ-ին։ Նա բացատրում է, որ ԵՄ-ին միանալու հերթում 10 երկիր կա այս պահին, իսկ Հայաստանն այդ հերթում չէ։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ կառույցին միացել է 3 պետություն՝ Բուլղարիան, Ռումինիան և Խորվաթիան։
ԵՄ-ից դուրս եկավ Մեծ Բրիտանիան։ Կարող ենք ասել, որ ԵՄ-ի նպատակը ընդլայնումը չէ։ Վերջին անգամ նշվել է, որ տեսականորեն ԵՄ-ն կարող է ընդլայնվել 2030 թվականին։ Մինչև Հայաստանին հերթ հասնելը, պիտի Վրաստանը իր դիրքերն ամրապնդի։
Սակայն, տնտեսագետը դիվերսիֆիկացիայի կարիք է տեսնում։ Նա անհրաժեշտություն է համարում դիվերսիֆիկացիան գտնել Ասիայում։ Պատճառն այն է, որ ասիական շուկաները ոչ թե նվազող շուկաներ են, ինչպես եվրոպականը կամ ռուսականը, այլ շատ արագ աճող։ Նա պարզաբանում է, թե արդյոք այդ պարագայում հայկական ապրանքները մրցունակ կլինեն, թե ոչ։
Շուկայի ընդհանուր գների մակարդակը մի բան է, իսկ շուկայում կոնկրետ երկրի մակարդակը այլ բան։ Օրինակ, հայաստանյան խանութներում կա էժան պանիր, որ հայկական է, և թանկ պանիր, որը արտասահմանյան է։ Բայց չեմ ակնկալում, որ հայկական ապրանքները հիմա կարող են եվրոպական շուկայում թանկ գնով վաճառվել։ Ավելին, հայկական ապրանքների մրցունակությունը զգալիորեն կապված է հենց գնից։ 2022 թվականից դրամը թանկացել է դոլարի, եվրոյի ու ռուբլու նկատմամբ։ Այսպիսով, թե՛ հայկական ապրանքները, թե՛ ծառայությունները դարձել են քիչ մրցունակ։ Նույնիսկ IT ոլորտում կան նվազումներ, վերջին տարիներին IT արտահանումը քիչ-քիչ նվազում է։ Թանկ դրամի դեպքում թե՛ եվրոպական, թե՛ այլ շուկաներում մենք հեռանկար չունենք։
Միքայելյանը հավելում է, որ Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճը կապված է վերաարտահանման ծավալների հետ։ Եթե ավարատվի ռուս-ուկրաինական պատերազմը, կավարտվի նաև վերաարտահանման պրոցեսը։ Այս դեպքում Ռուսաստանի կշիռը շատ արագ կնվազի մինչև նախկին ցուցանիշները։ Իսկ այդ դեպքում, անշուշտ, նոր շուկաներ պետք է փնտրենք։ Ըստ նրա՝ էական չէ, թե այդ նոր շուկան կլինի Վիետնամում, Եվրոպայում, թե Ռուսաստանում։