
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությունը կգործի փետրվարի 7-ից
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» օրենքը ուժի մեջ կմտնի փետրվարի 7-ից։ Մեկնարկից ի վեր, յուրաքանչյուր օր համապատասխան համակարգի միջոցով Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորվելու է շահառուների ցուցակ։ Այն ուղարկվելու է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։
20% բռնագանձման նոր չափը կկիրառվի Միասնական սոցիալական ծառայության կողմից կազմված ցուցակն ստանալուն հաջորդող ամսվա 1-ից։ Սա նշանակում է, որ եթե ցուցակը ներկայացվել է, օրինակ, փետրվարին, ապա 20% բռնագանձումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: Ծրագիրը կգործի 2 տարի ժամկետով։
Ծառայությունը շահառուների ցուցակն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, վարկավորողի կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափ է սահմանում 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ, — նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ծրագրից օգտվելու համար 2025 թվականի փետրվարից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը անհուսալի վարկառուն պետք է դիմում ներկայացնի կա՛մ առցանց եղանակով՝ e-social.am կայքէջի միջոցով, կա՛մ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում այցելելով։ Պարտադիր պայման է նաև անձի՝ գրանցված աշխատող լինելու հանգամանքը։ Վերցրված վարկի մայր գումարը կամ գումարների համագումարը չպետք է գերազանցեն 1 միլիոն դրամը։