ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.1 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ աճել է 7.1 տոկոս։ Չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճին՝ նախորդ ամսվա՝ 2024 թվականի դեկտեմբերի նկատմամբ այն նվազել է 45.3 տոկոսով: Սրա մասին հրապարակել է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 10.4 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 11.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 9.9 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.6 տոկոսով:

2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսն աճել է 1.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 7.8 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվարին 2024-ի հունվարի համեմատ նվազել է 40 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումը նվազել է 49.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 33.5 տոկոսով: Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին կազմել է 397.89 դրամ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային և տարեկան նախնական տվյալները։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի վերջին աճել է 5,9 տոկոսով։ Վերջին տվյալների համաձայն՝ անվանական ՀՆԱ-ն 2024 թվականին կազմել է 10,13 տրլն դրամ կամ մոտ 25,8 մլրդ դոլար։ 2023 թվականի համեմատ իրական տնտեսական աճը կազմել է 5,9 տոկոս։ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասել է 8501 դոլարի։