
«Ամուլսարի» հանքի շահագործման համար անհրաժեշտ կլինի 300 մլն դոլար վարկ
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը մամուլի ասուլիսում հայտնել է, որ «Ամուլսարի» հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորելու ուղղությամբ Հայաստանի կառավարությունը բանկերի հետ ակտիվ բանակցություններ է վարում պայմանների ու գումարի չափի վերաբերյալ։ Ազատյանը հավելեց, որ ծրագրի վարկավորման արժեքը 300 մլն դոլար է։
Նա մանրամասնել է, որ մեկ-երկու բանկերից բացի, որոնք նախատեսում են վարկավորել ծրագիրը, մի քանի բանկեր ևս հետաքրքրված են՝ «Ամուլսարին» կապված լրացուցիչ վարկեր տրամադրելով և ծրագրին աջակցելով։ Ազատյանը բանկերի անունները չնշեց, քանի որ պայմանավորվածությունները վերջնական չեն։ Դրանք ամեն պահի կարող են փոփոխությունների ենթարկվել։
Ավելի վաղ, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ունի Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվությունները, և այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական որևէ փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու: Նա հավելել էր, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) թույլտվության մասով Ամուլսարի հանքը երկու փորձաքննություն է անցել:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ֆինանսավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանում գործող առևտրային բանկերի հետ, քանի որ Եվրասիական զարգացման բանկը հանքը շահագործելու վարկավորման հայտ մերժել էր։ Նա հույս ունի, որ 2025 թվականին հնարավոր կլինի սկսել հանքի շահագործումը։