
Արարատի մարզում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում
Հայաստանում մեկնարկել է նավթամթերքի և բիտումի արտադրության նոր գործարանի կառուցման ծրագիրը։ Նախագծի իրականացման համար կատարվող ներդրումը կկազմի շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլար։
Ներդրումային ծրագրով փուլային եղանակով նախատեսվում է կառուցել նավթամթերքի և բիտումի պահեստարաններ, բիտումի արտադրամաս, ածխաջրածինների վերամշակման կայան, կազմակերպել նավթամթերքի տարբեր տեսակների տեղական արտադրություն։
Բիտումի գործարանը գտնվում է Արարատի մարզի Սուրենավանում։ Հատկանշական է, որ բիտումի արտադրության ծավալների ամբողջական իրացումը հնարավորություն կտա ապահովել այդ արտադրանքի ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային պահանջարկը։ Նշենք նաև, որ բիտումը օգտագործվում է ճանապարհաշինության մեջ։
Նախագծի շրջանակում կստեղծվի ավելի քան 100 աշխատատեղ, իսկ ծրագրի կայացման ողջ ընթացքում ներգրավված կլինեն 400 մասնագետներ տարբեր ոլորտներից։
Հարկ է նշել, որ Հայաստանում նավթավերամշակման գործարաններ փորձել են կառուցել դեռ խորհրդային տարիներին։ 2000-ականներին խոսակցություններ կային այն մասին, որ հայ-իրանական սահմանին նավթավերամշակման գործարան կկառուցվի։ Սակայն ծրագիրը այդպես էլ չի իրականացվել և մնացել է թղթի վրա սակայն բանակցություններից և երկու կողմի պաշտոնյաների հայտարարություններից այն կողմ, սայլը տեղից չի շարժվել։
Դրանից ավելի ուշ՝ 2018 թվականին խոսվում էր նաև Եղվարդում նմանատիպ գործարան կառուցելու ծրագրի մասին։ Սակայն այն նույնպես չիրագործվեց։ Դրան դեմ էր արտահայտվել ինչպես տեղի բնակչությունը, այնպես էլ պատկան մարմինները։ Արդյունքում գործարանի կառուցման աշխատանքները կասեցվեցին։