
Վերջին 13 տարիներին բուքմեյքերական գործունեության ծավալն աճել է ավելի քան 440 անգամ. Հայկ Սարգսյան
Շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալն աճել է ավելի քան 440 անգամ: Այդ մասին մարտի 4-ին Ազգային ժողովում խաղային ոլորտի կարգավորման նպատակով հարկային բեռի ավելացման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նոր նախագծով առաջարկվում է նախկին 5 տոկոսի փոխարեն 10 տոկոս հարկ սահմանել վերը նշված գործունեությունների դեպքում։
Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ոչ թե 6 ամիս հետո, այլ օրենքի ընդունումից անմիջապես հետո։ Ապրիլի 1-ից արդեն այդ կազմակերպությունները կվճարեն 10 տոկոս հարկ՝ ավելացնելով պետական բյուջեն 13 միլիարդ դոլարով։
Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2․6 միլիոն դոլար էր, այսինքն՝ 7․2 տոկոս, ապա 2023 թվականին գործունեությունը աճել է ավելի քան 440 անգամ՝ կազմելով 15․8 միլիարդ դոլար, իսկ հավաքագրվող հարկերը՝ 67 միլիոն դոլար կամ ծավալի 0․4 տոկոսը։
Սա ենթադրյալ թվեր չեն, սա ՊԵԿ-ի տված թվերն են, որ ծավալն աճել է 440 անգամ: Ինձ էլ են ընկերություններն ասել, որ մեր խաղացողների թիվը նվազել է: Բայց մեր խաղացողների թվի նվազումը չեմ կարողանում հասկանալ, երբ ծավալները 440 անգամ աճել են վերջին 13 տարիների ընթացքում, — մանրամասնել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ վերջին 5 տարիներին մի շարք փոփոխություններ են իրականացվել տվյալ ոլորտում։ 2019 թվականին օրենքով արգելվել է բուքմեյքերական գործունեություն ծավալել գրասենյակային տարածքներում։ Այս դեպքում խաղացողները տեղափոխվեցին առցանց հարթակ, որտեղ սկսեցին ավելի մեծ գումարներ վատնել, իսկ բուքմեյքերական ընկերությունները կրճատեցին ծախսերը՝ չվճարելով հարկեր, աշխատավարձեր և այլն։
Նույն թվականին արգելվել է նաև բուքմեյքերական ընկերությունների գովազդը, որը նույնպես կրճատել է կազմակերպությունների ծախսը։ Նախատեսվում էր ունենալ խաղային օպերատոր, որը կվերահսկեր դաշտը, սակայն այն մինչև այսօր չի գործարկվել։