Հայտնաբերվել է շուրջ 1,1 կգ «հաշիշի յուղ»

Օրերս ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցները համատեղ միջոցառման շրջանակում «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին։

Զննության ընթացքում, անձնական օգտագործման իրերի և առարկաների հետ մեկտեղ, հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող, սուր հոտով կոշտ զանգված պարունակող թիթեղյա տարա։

Պարզվել են ինչպես թմրամիջոցը ՀՀ տարածքում ստացող անձի, այնպես էլ այն անձի ինքնությունը, ում այն պետք է փոխանցվեր։ Երևան քաղաքի տարբեր հատվածներում ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Հ․Մ․-ն և Ա․Ի․-ն, որոնք տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։

Նրանք ենթարկվել են անձնական խուզարկության, ապա տեղափոխվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ձերբակալվել են։ Խուզարկություններ են իրականացվել նաև ձերբակալված անձանց բնակության վայրերում, որի արդյունքում հայտնաբերվել են վարույթին հետաքրքրող առարկաներ։

Մարինա Գրիգորյան