
Էջմիածնում բենզա-գազալցակայան է փակվել
Հայաստանի Արամավիրի մարզի Էջմիածին համայնքի Շահումյան փողոցի 76 հասցեում գործող բենզալցակայանը և հեղուկացված գազի լցակայանը կապարանակնքվել և փակվել են։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ, որոնք կարող էին լուրջ վտանգ ստեղծել մարդկանց կյանքի ու առողջության համար։
Հաշվի առնելով ռիսկերը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ լցակայանի գործունեությունը դադարեցվել է, իսկ մարտի 21-ին՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցությամբ, տարածքը կապարակնքվել է։ Շահագործումը կվերականգնվի միայն խախտումների վերացումից հետո։
Իսկ թե կապարանակնքված բենզալցակայանները կենթարկվեն օրենքին, թե կխախտեն դրան, հարցի մյուս կողմն է։ Արարատի մարզում գտնվող Այգավանի լցակայաններն էլ էին կապարանակնքվել, սակայն աշխատել էին նույնիսկ կապարանակնքումից հետո։ Արդյունքում՝ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 4 անձ էր վիրավորվել։