ՀայաստանՏնտեսություն

Հայաստանն արդեն կարող է ձկնամթերք արտահանել Եվրամիության շուկա

​Հայաստանը 2025 թվականի մարտի 16-ից պաշտոնապես իրավունք է ստացել արտահանել բարձրորակ ջրային կուլտուրաներ՝ թեփուկավոր ձկներ և դրանցից ստացված մթերքներ, այդ թվում՝ խավիար և ձկնկիթ, դեպի Եվրոպական միության (ԵՄ) երկրներ։ ​Գործընթացը սկսվել էր դեռևս 2011 թվականին և հաջողությամբ ավարտվել է։​

Հայկական ձկնամթերքը օդային ճանապարհով մի քանի ժամվա, իսկ ցամաքային ճանապարհով առավելագույնը 4-5 օրվա ընթացքում կհասնի Եվրոպա։ Տեխնիկական խնդիրները լուծելու համար տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ «TRACES» համակարգում։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի ձկնաբուծության ոլորտում արտադրության համախառն ծավալը 2024 թվականին կազմել է ավելի քան 57,63 մլրդ դրամ՝ 2023 թվականի համեմատ աճելով 4,3 տոկոսով։ ​

Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 27 հազար տոննա արդյունաբերական արտադրության ձուկ, ձկնամթերք, ինչը 5 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ։ Հանրապետությունում բուծվում են թառափազգի, իշխանազգի և կարպազգի ձկնատեսակներ։ «Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանը հայտարարել է, որ նախորդ տարվա արտադրանքից 15 հազար տոննան արտահանվել է հիմնականում Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Արաբական Միացյալ Էմիրություններ:

Հայկական ձկնարտադրողները հնարավորություն ունեն ընդլայնելու իրենց արտահանման շուկաները՝ մուտք գործելով Եվրամիության շուկա, ինչը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։ Այս ձեռքբերումը կարևոր քայլ է Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում։ Եվրամիության շուկա մուտք գործելու համար հայկական արտադրողները պետք է համապատասխանեն ԵՄ-ի կողմից սահմանված ստանդարտներին և պահանջներին։ Այս գործընթացի վերաբերյալ մանրամասն ուղեցույց կա։