
Հայաստանի կենսաթոշակային համակարգը. թվեր, փաստեր և իրականություն
Հայաստանում կենսաթոշակառուների սոցիալական վիճակն ու կենսաթոշակների չափերը կարևոր ու արդիական թեմա են, որոնց վերաբերյալ կարելի է ներկայացնել փաստեր և թվեր՝ իրազեկելու հասարակությանը դրանց ազդեցության մասին։ Հարցը հատկապես կարևոր նշանակություն է ստանում մարտի 26-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից հետո։ Իշխանությունը և ընդդիմությունը երկուստեք մեղադրանքներ հնչեցնելով և թվեր բերելով փորձում էին իրենց «ճշմարտությունը ստեղծել»։
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իր ելույթում նշեց, որ «2018 թվականից մինչև այսօր կառավարությունը նվազագույն թոշակները ավելացրել է տարեկան 380 միլիոն դոլարի չափով»։
Հարկ է նշել, որ Հայաստանում կենսաթոշակը նշանակվում, վճարվում, չափը հաշվարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։ Համաձայն աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տևողությունից, հիմնական կենսաթոշակի չափից ու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից։Հայաստանում հիմնական կենսաթոշակի չափը 24,000 դրամ է, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ։
Բացի այդ՝ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2016 թվականից մինչև 2024 թվականը աճել է շուրջ 10 հազար դրամով։
Նշենք նաև, որ մինչև 2018 թվականը նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամ էր, իսկ այժմ՝ 36 հազար դրամ։ Այդքան կենսաթոշակ են ստանում պետության լրիվ խնամքի տակ գտնվող և
խնամակալական կազմակերպությունում (մանկատանը) ապրող երեխաները։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից երևում է, որ 2024 թվականին կենսաթոշակ ստացողների թիվը անցնում է 500 հազարը։ Ընդ որում՝ միջինացված տվյալներով ամենաբարձր կենսաթոշակ ստանում են Երևանում (ավելի քան 53 հազար դրամ), ամենացածրը՝ Արմավիրի մարզում (ավելի քան 46 հազար դրամ)

Չնայած թոշակները բարձրացել են, ավելացել են նաև մի շարք ապրանքների գներ։ 10 հազար դրամի աճը որոշ չափով հավասարակշռել է սննդամթերքի և այլ ապրանքների գնաճը, բայց որոշ ոլորտներում աճը բարձր է մնացել թոշակների աճի տեմպից։ Հայաստանում աճել են նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագները։ 2020-ին բնակիչների համար էլեկտրաէներգիայի միջին սակագինը կազմում էր 44-48 դրամ/կՎտժ, 2024-ին այն աճել է միջինը 50-55 դրամ/կՎտժ։

Այնուամենայնիվ, կարող ենք նկատել, որ թոշակների աճը որոշակիորեն մեղմել է սոցիալական բեռը, սակայն կենսապայմանների ընդհանուր թանկացումն առաջ է բերում նոր խնդիրներ։ Հայաստանի կենսաթոշակառուների բարեկեցության ապահովումը պահանջում է ոչ միայն ֆինանսական աջակցության բարձրացում, այլև սոցիալական քաղաքականության բարեփոխումներ։