ՀայաստանՏնտեսություն

Ըստ Եվրասիական զարգացման բանկի՝ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 5,5 տոկոսով

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հերթական մակրոտնտեսական ուսումնասիրության համաձայն՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5%-ով։ Նշենք, որ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կանխատեսել է 5,4 տոկոս տնտեսական աճ։

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունն աճել է 4,1%-ով։ Այս ցուցանիշի վրա դրական ազդեցություն են ունեցել ծառայությունների (+12,4%), շինարարության (+12,2%) և առևտրի (+7,8%) ոլորտները։ Սակայն արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 19,4% անկում, իսկ արտահանման (-50,7%) և ներմուծման (-45,8%) ծավալները նվազել են։

ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ արդյունաբերական ոլորտի վերականգնման շնորհիվ։ Հայաստանի 2025 թվականի պետբյուջեով նախատեսված է 5,1% տնտեսական աճ։ Կենտրոնական բանկը կանխատեսում է 4,8-7% աճ, իսկ 2026-ին՝ 4,1-4,7%։

Միջազգային մյուս կառույցների կանխատեսումները՝

— Համաշխարհային բանկ – 5%
— Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ) – 4,9%
— Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ) – 4,8%
— Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) – 6%
— Fitch Ratings – 4,9%
— ՄԱԿ – 5,2% (2026-ին՝ 4,7%)