ՀայաստանՏնտեսություն

Գյուղատնտեսները կստանան փոխհատուցում՝ հողային աշխատանքների և բերքահավաքի ծախսերի 50%-ի չափով

Մարտի 27-ի կառավարության որոշման համաձայն՝ պետությունը կփոխհատուցի մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային մշակաբույսերի և այլ բույսերի՝ 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը։ Միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

Սակայն կարելի է նկատել, որ այս ծրագիրը վերաբերում է միայն միջին և խոշոր գյուղատնտեսներին, քանի որ ծրագիրը աջակցություն է նախատեսում միայն 100 հա-ի դեպքում։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ նման ծրագիր իրականացվել է 2022 թվականին և 2024 թվականին՝ միայն գարնանացանի համար, հիմա առաջարկվում է նաև աշնանացանի համար։

Գյուղատնտեսությունը զարգացնելը մեծ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության և ապրանքների գնի վրա։ Բացի այդ, այն անասնաբուծության ոլորտի զարգացման համար չափազանց կարևոր է հանրապետությունում կերի բազայի ապահովումը, հաշվի առնելով, որ թռչնաբուծության, խոզաբուծության ճյուղերի համար նախատեսված խտացված կերերի մեծ մասը ներմուծվում է արտերկրից։

Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ վերջին տարիներին հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն, ցանքատարածությունների նվազում է արձանագրվել։ 2023 թվականին 2020 թվականի համեմատ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները նվազել են շուրջ 577 հա-ով։ Գարնանացան գարու ցանքատարածությունները 2020 թվականի համեմատ 2023 թվականին նվազել են ավելի քան 10 հազար հա-ով, գարնանացան ցորենինը՝ շուրջ 180 հա-ով, իսկ բազմամյա խոտաբույսերի ընթացիկ տարվա ցանքը 2020 թվականի համեմատ նվազել է շուրջ 567 հա-ով։