ՀայաստանՏնտեսություն

Ազգային ժողովը ընդունեց հայտարարագրերի ժամկետների վերաբերյալ փոփոխությունների ծրագիրը

2025 և 2026 թվականներին ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը մինչև նոյեմբերի 1-ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1-ը։ Հայտարարագիր ներկայացնելու սկզբնաժամկետն էլ ընդունվեց մարտի 2-ը։ Որոշումը ընդունվեց ապրիլի 22-ին Ազգային ժողովի նիստում՝ 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով նախագծին, հայտարարել է, որ «համակարգը պատրաստ չէ, նոյեմբերին մեծաթիվ խնդիրներ են լինելու»։ Նա նաև նշել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։

Նշենք, որ եթե քաղաքացին 30 օրվա ընթացքում չի ներկայացնում հայտարարագիր, ապա տուգանքը կլինի 5000 դրամ, իսկ այդ ժամկետը ևս չարաշահելու դեպքում՝ այն կկրկնապատկվի՝ կազմելով 10 հազար դրամ։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնել է, հայտարարագրում որևէ եկամուտի համար չի պահանջվում նշել որևիցե ամսաթիվ։

Ավելի վաղ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել մայիսի 1-ը։