
Պետությունը ֆինանսապես կաջակցի նոր ավիաուղիներ բացող ընկերություններին
Հայաստանի կառավարությունը հաստատել է ծրագիր, որի նպատակն է խթանել ուղևորահոսքի աճը դեպի երկրի երկու օդանավակայաններ՝ Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ»: Ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններ բացեն դեպի այս օդանավակայաններ։ Այս մասին ապրիլի 23-ի կառավարության նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառոցւվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Գյումրու «Շիրակ» օդանավակայանի համար յուրաքանչյուր նոր ուղևորի համար ավիաընկերությունը կստանա 15,000 դրամ, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի համար՝ 20,000 դրամ։ Ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով:
Ոչ թե Հայաստանի համար նոր ուղղություն պետք է բերի Գյումրի, այլ Գյումրու համար պետք է նոր ուղղություն բերի Գյումրի: Ցանկացած ուղղություն, որ նախկինում Գյումրիում վայրէջք չի ունեցել, ունենա, այս ծրագրում ներառվելու է։ Ի՞նչ նկատի ունենք՝ նոր ուղղություն ասելով: Սրանք այն ուղղություններն են, այն քաղաքները՝ անկախ այնտեղ գտնվող օդանավակայանների քանակից, որտեղ առաջին չվերթը սկսելու պահից նախորդող 12 ամիսների ընթացքում ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթերի քանակն ամառային ժամանակահատվածում չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռային ժամանակահատվածում՝ 10-ը,- ասաց Խուդաթյանը։
Ծրագրի հիմնավորման մեջ նշվում է, որ ակնկալվում է նոր ուղղություններից ՀՀ միջազգային օդանավակայաններում ուղևորահոսքի ծավալների ավելացում, որը կխթանի զբոսաշրջությունը, կընդլայնի Հայաստանի Հանրապետությունից իրականացվող չվերթերի աշխարհագրությունը, կնպաստի միջազգային ավիաընկերությունների Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում բազավորմանը։