
Տարվերջին նախատեսվում է Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ մինչև 2024 թվականի ավարտը նախատեսվում է մեկնարկել Ամուլսարի հանքի շահագործումը։ Նախարարի խոսքով՝ հանքի գործարկումը, թեև սահմանափակ ազդեցություն կունենա, այնուամենայնիվ դրական կանդրադառնա երկրի տնտեսության վրա։ Գնահատվում է, որ Ամուլսարի շահագործումը կարող է շուրջ 0.5 տոկոսով խթանել Հայաստանի ՀՆԱ-ի աճը։
Նա նաև նշել է, որ հայկական տնտեսության աճը վերադարձել է իր պոտենցիալ մակարդակին՝ կազմելով տարեկան 5-5.5 տոկոս։ Ավելի վաղ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ «Ամուլսարի» հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորելու ուղղությամբ Հայաստանի կառավարությունը բանկերի հետ ակտիվ բանակցություններ է վարում պայմանների ու գումարի չափի վերաբերյալ։ Ազատյանը հավելեց, որ ծրագրի վարկավորման արժեքը 300 մլն դոլար է։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 150 մլն դոլարի վարկային երաշխիք է տրամադրում Ամուլսարի հանքի շահագործման համար։ Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգից այս գումարն ընկերությունը պետք է ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։ 150 միլիոն դոլարը «Լիդիան Արմենիա»-ին տրամադրելու են «Արդշինբանկ»-ը, «Ակբա բանկ»-ը, «Այդի բանկ»-ը, «Ինեկոբանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը։
Հանքի շահագործումով կստեղծվեն 750 ուղղակի և շուրջ 4000 անուղղակի աշխատատեղեր։ Ընկերությունը պարտավորվել է իրականացնել նաև սոցիալական ծրագրեր՝ աջակցելով հանքին հարակից երեք համայնքներին՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։