
Հայաստանը ցեմենտի մաքսատուրքը նախատեսում է բարձրացնել
Հայաստանի կառավարությունը նախատեսվում է բարձրացնել ներմուծվող ցեմենտի մաքսատուրքը։ Նախագիծը կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը։
Ըստ նոր փոփոխության՝ ներկայիս 2 հազար դրամ տուրքը կբարձրանա մինչև 8 հազար դրամ՝ 1 տոննայի համար։ Մինչ այդ, 2021-ին այն սահմանվել էր 14 հազար դրամ, սակայն 2022-ին նվազեցվել էր՝ տեղական շուկայի կարիքներին արձագանքելով։ Ցեմենտի հումքի ներմուծման տուրքը շարունակում է մնալ զրոյական։
Մաքսատուրքի բարձրացման անհրաժեշտությունը կառավարությունն հիմնավորում է տեղական արտադրողների պաշտպանությամբ։ Տեղական գործարաններն ի վիճակի չեն մրցել Իրանից ներմուծվող ցածրարժեք ցեմենտի հետ։ Այն արտադրվում է պետական սուբսիդիաներով ու էժան էներգակիրների պայմաններում։ Այդ անհավասար մրցակցությունը հանգեցրել է նրան, որ հայաստանյան գործարանները կանգնել են փակման վտանգի առաջ։
Ներկայում իրականացվող արտադրական գործունեության արդյունքում տեղական արտադրության ցեմենտի ձևավորված միջին ինքնարժեքը կազմում է 35- 37 հազար դրամ (առանց ԱԱՀ):
Ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Մեկ տոննա իրանական ցեմենտի գինը Հայաստանի սահմանին տատանվում է 25-30 ԱՄՆ դոլարի սահմաններում, մաքսատուրքը՝ 0,9-1 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի տարածքում տեղափոխումը՝ մոտ 30 ԱՄՆ դոլար։ Արդյունքում իրանական ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 61-62 ԱՄՆ դոլար (24 հազար դրամ): Այս հանգամանքներից ելնելով՝ ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերել տեղական շուկայում: