
Վրացական մաքսայինները չեն տեսնում խնդիր. Հայաստանը փնտրում է լուծումներ
Հայաստանյան գինի և կոնյակ արտահանող մի քանի ընկերությունների բողոքի ֆոնին Վրաստանի եկամուտների ծառայությունը հայտարարում է՝ մաքսային հսկողության գործընթացներում որևէ արտառոց բան տեղի չի ունենում։
BM.GE գործակալության հարցմանը ի պատասխան՝ Վրաստանի ֆինանսների նախարարության ենթակայությամբ գործող եկամուտների ծառայությունը նշել է.
Մաքսային հսկողության ընթացակարգերը շարունակվում են ստանդարտ ռեժիմով։ Տրանսպորտային միջոցների սպասարկման ընթացքում ուշացումներ չկան։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին մի խումբ արտահանողներ՝ հիմնականում գինի և կոնյակ արտադրողներ, բողոքի ակցիա էին կազմակերպել Վրաստանի դեսպանատան առջև՝ դժգոհելով, որ հայ արտադրողների բեռները անտեղի ձգձգվում են վրացական մաքսակետերում։
Դրանից հետո հայկական լրատվամիջոցները պարզաբանում էին պահանջել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից։ Պատասխանում նշվել էր, որ գործընթացի կարգավորման շուրջ արդեն ընթանում են բանակցություններ վրացական կողմի հետ։ Նախարարության ղեկավարն էլ չէր բացառել հնարավոր աշխատանքային այցը Վրաստան՝ խնդիրը տեղում քննարկելու նպատակով։