ՀայաստանՏնտեսություն

Էկոնոմիկայի նախարարը կմեկնի Վրաստան՝ կոնյակի սպիրտի արտահանման հարցը լուծելու

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Վրաստան՝ կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն անձամբ ուսումնասիրելու և հնարավոր լուծումներ գտնելու։

Վերջին օրերին մի շարք ընկերություններ բողոքել են, որ իրենց բեռները Վրաստանի տարածքում կանգնած են՝ մաքսային խիստ ստուգումների պատճառով, ինչը խոչընդոտում է ապրանքների արտահանումը Ռուսաստան և այլ շուկաներ։ Այս հարցով արտահանողները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով պարզաբանումներ։

Պապոյանի խոսքով՝ իրավիճակն իրականում լուրջ է, իսկ պատճառները դեռ ամբողջությամբ հասկանալի չեն։ Հայկական կողմը տարբեր սցենարներ է քննարկում վրաց գործընկերների հետ։

Նախարարը նշեց նաև, որ այլ ապրանքների՝ տեքստիլի, ալյումինի, ծաղիկների արտահանման խնդիրները հնարավոր է եղել լուծել, սակայն կոնյակի սպիրտի արտահանման հարցը դեռ մնում է անորոշ։