ՀայաստանՏեխնոլոգիա

Հայաստանում շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31․9 տոկոսով

Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում շինարարության ընդհանուր ծավալն աճել է 13.6%-ով և կազմել 77.6 միլիարդ դրամ (մոտ 199 միլիոն դոլար): Հատկապես նկատելի է հյուրանոցային ոլորտում աճը՝ 81.8%-ով։ Եթե դիտարկենք ըստ ամիսների` աճն ավելի ակնհայտ է եղել. մարտին՝ փետրվարի համեմատ, 31,9 տոկոս, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15,5 տոկոս, փետրվարին՝ հունվարի համեմատ, 36,8 տոկոս:

Կրթության և առողջապահության ոլորտներում նախագծերը ակտիվորեն զարգանում են. դպրոցների և մանկապարտեզների շինարարությունն աճել է 50.1%-ով, իսկ հիվանդանոցներինը՝ գրեթե 3 անգամ։ Բնակարանաշինության ծավալը աճել է 12.6%-ով։ Այս ֆոնի վրա, մշակող արդյունաբերության ծավալները, ընդհակառակը, նվազել են 23.4%-ով։

2024 թվականի արդյունաբերության առաջատար ոլորտներից մեկը շինարարությունն էր։ Ծավալները 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել էին 14,5 %-ով կամ 709,5 տրլն դրամով։ Շինարարության աճի տեմպը կարող ենք փաստել նաև 1000 հարկատուների ցանկում ոչ միայն բուն շինարարական կազմակերպությունների լինելը, այլև այն ցանցերի, որոնք ապահովում են վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված պարագաներ: Օրինակ, «Դոմուս» ընկերությունը ոչ միայն հազարյակում է, այլև տեղ է զբաղեցրել լավագույն հարյուր հարկատուների մեջ՝ 3,3 մլրդ դրամ հարկով:

Հավելենք, որ բնակելի շինարարության ոլորտում 2024 թվականին գործարկվել է 1 մլն 261 հազար քառ. մետր տարածք, որը 80%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: