ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի տնտեսական աճի միտումները 2025 թվականին

2025 թվականին Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել, բայց արդեն ոչ այն տեմպերով, որոնք նախորդ տարիներին էին առկա։ Եթե 2024-ին տնտեսական աճը կազմել էր մոտ 6%, ապա 2025-ին այն կանխատեսվում է 5–5.5%։ Թվում է՝ թիվը մեծ չէ, բայց կարևոր է հասկանալ՝ ինչու է աճի տեմպը դանդաղել և ինչն է դրան նպաստում կամ խանգարում։

Տարբեր հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանը համարում են կայուն աճող տնտեսություն։ Օրինակ՝

— Ասիական զարգացման բանկը կանխատեսում է 6% աճ,

— Համաշխարհային բանկը՝ 5%,

— Սթանդարդ & Փուրս, Ֆիչ, EBRD և այլ կառույցներ՝ միջինը 4.8–5.5%։

Այս բոլոր կանխատեսումներն ընդհանուր պատկեր են ցույց տալիս՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ, բայց քիչ-քիչ վերադառնում է «բնականոն» աճի ռեժիմի։

Գնաճը, որը հաճախ մեծ անհանգստություն է առաջացնում, այս տարի հավանաբար կմնա 3%–ի սահմաններում, ինչը Կենտրոնական բանկի համար համարվում է «նպատակային» մակարդակ։

Տնտեսության հիմնական շարժիչ ուժերը նույնն են, ինչ վերջին տարիներին՝ առևտուր, ծառայություններ, շինարարություն։

Այս ոլորտներում նկատվում է ակտիվություն։ Դա հիմնականում պայմանավորված է երկու գործոնով․

  1. Ներքին պահանջարկի աճ․ մարդիկ ավելի շատ են գնումներ կատարում, ծառայություններից օգտվում, իսկ շինարարությունը բարգավաճում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական նախաձեռնություններով։
  2. Ներդրումների աճ․ պետությունը շարունակում է ակտիվորեն ներդրումներ անել ենթակառուցվածքներում՝ ճանապարհներ, էներգետիկ համակարգ, համայնքների զարգացում։

Տնտեսության մեջ աճին զուգահեռ կան մի քանի մարտահրավեր, որոնք կարող են երկարաժամկետ խնդիրներ առաջացնել, եթե դրանց ժամանակին արձագանք չստանան։

2024 թվականին թանկարժեք մետաղների՝ հատկապես ոսկու վերաարտահանման ծավալները նվազել են։ Սա արդեն ազդել է ընդհանուր արտահանման ցուցանիշների վրա, և այդ միտումը կարող է շարունակվել 2025-ին։

Ռուս–ուկրաինական պատերազմը, գլոբալ տնտեսական անկայունությունը, ինչպես նաև տարածաշրջանային լարվածությունները շարունակում են ազդել Հայաստանի արտաքին շուկաների վրա։ Հատկապես երբ խոսքը գնում է մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի և Իրանի հետ տնտեսական հարաբերությունների մասին։

Հայաստանը 2022–2023 թվականներին գրանցեց ռեկորդային տնտեսական աճ՝ ավելի քան 12%։ Բայց դա հիմնականում կապված էր արտաքին ազդեցությունների հետ՝

— Ռուսաստանից ներկրած կապիտալ

— Տեխնոլոգիական ընկերությունների տեղափոխություն

— Միգրացիա, որը բերեց նոր շուկաներ և պահանջարկ

2024-ից սկսած այդ «արտաքին ուժերը» թուլացան, իսկ տնտեսությունը վերադառնում է իր բնականոն զարգացմանը, ինչը, ըստ որոշ տնտեսագետների կդանդաղդեցնի տնտեսական աճի միտումը։

Սեդա Մարտոյան