Արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի սակագները կփոխվեն
Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության մի շարք կայանների համար էլեկտրաէներգիայի սակագները մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը կնվազեն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ՝ սակագների փոփոխությունը չի գերազանցելու 1%-ը։
Ըստ որոշման՝ սահմանվել են նոր սակագներ 3 հողմային, 61 արևային կայանների և 111 փոքր ՀԷԿ-երի համար։ Փոփոխությունները վերաբերում են միայն այն կայաններին, որոնք գործում են ֆիքսված սակագնով պայմանագրերով, իսկ շուկայական վաճառքի մոդելով աշխատող կայանները ներառված չեն։
Սակագների փոփոխության միջին տատանումը կազմել է 0,66%-ից մինչև 1,03%։
— Գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սակագինը նվազել է 0,66%-ով՝ դառնալով 23,3 դրամ մեկ կՎտժ-ի դիմաց։
— Հողմային կայանների սակագինը նվազել է նույն չափով՝ հասնելով մոտ 41,9 դրամի։
— Մինչև 2020 թ․ ցանցին միացված արևային կայանների սակագինն այժմ նույնպես կազմում է մոտ 41,9 դրամ։
— Մինչև 2022-ի նոյեմբերը միացված արևային կայանների համար սակագինը նվազել է 1,03%-ով՝ դառնալով շուրջ 20,5 դրամ։
— Իսկ 2022-ից հետո միացված կայանների համար սահմանվել է 16,5 դրամ։
Այսօր վերականգնվող էներգիայի փոքր արտադրողների մեծ մասը դեռ աշխատում է ֆիքսված սակագնով՝ պետական երաշխավորված գնման պայմաններով։ Այդ համակարգն ապահովում է 15 տարի երաշխավորված վաճառք փոքր ՀԷԿ-երի, և 20 տարի՝ արևային կայանների համար։ Շատ ՀԷԿ-երի համար այդ ժամկետն արդեն ավարտվել է՝ կառուցման բումի սկսվելուց 10-15 տարի անց, մինչդեռ արևային կայանների մեծ մասի դեպքում պայմանագրային ժամկետները դեռ ուժի մեջ են։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024-ին Հայաստանում հիդրո, արևային և հողմային էլեկտրակայանները համատեղ կազմել են էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 30%-ը։
