44,000 դոլար մեկ աշխատողի հաշվով. Հայաստանը շարունակում է հետ մնալ աշխատանքի արտադրողականությամբ
Հայաստանը շարունակում է հետ մնալ աշխատանքի արտադրողականության ցուցանիշով աշխարհում։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ գնողունակության համարժեքությամբ հաշվարկված ՀՆԱ-ն մեկ աշխատողի հաշվով 2023 թվականին կազմել է 44,414 դոլար՝ 2021-ի ցուցանիշը գերազանցելով 19%-ով։ Սակայն սա միևնույն է զգալիորեն զիջում է ոչ միայն բարձր եկամտով երկրներին, այլև տարածաշրջանային երկրներին՝ Ռուսաստանին, Թուրքիային, Վրաստանին, Իրանին և Ադրբեջանին։
Աշխատանքի արտադրողականությունը ցույց է տալիս, թե մեկ մարդ որքան ապրանք կամ ծառայություն է կարողանում արտադրել մեկ ժամում, մեկ օրում կամ մեկ տարում։ Եթե Հայաստանում մեկ աշխատողը մեկ տարվա ընթացքում ստեղծում է 44,000 դոլարի տնտեսական արդյունք, իսկ ԱՄՆ-ում նույն ցուցանիշը կազմում է 120,000 դոլար, դա նշանակում է, որ ամերիկացի աշխատողի արտադրողականությունը մոտ երեք անգամ բարձր է։
Պատճառներն են ձեռքի աշխատանքի գերակայությունը, հատկապես գյուղատնտեսությունում, շինարարության մեջ ու փոքր բիզնեսներում, ինչպես նաև տեխնոլոգիական հետամնացությունն ու ավտոմատացման ցածր մակարդակը։ Շինարարությունը մնում է արտադրողականության ամենացածր ցուցանիշներ ունեցող ոլորտներից մեկը, որտեղ վերջին տասը տարիներին արձանագրվել է շարունակական անկում։ Ի հակադրություն՝ հանքարդյունաբերությունն ու էներգետիկան ցուցաբերում են աճ՝ համապատասխանաբար 8.2 և 12.7 մլն դրամ ավելացված արժեք մեկ աշխատողի հաշվով (2023թ․)։
Մշակող արդյունաբերության ոլորտում նույնպես նկատվում է դրական միտում, մինչդեռ սարքավորումների մաշվածությունն ու թվայնացման ցածր մակարդակը շարունակում են սահմանափակել աճի տեմպերը։ Առավել բարձր արդյունք արձանագրվել է առողջապահության ոլորտում՝ 9.6 մլն դրամ մեկ աշխատողի հաշվով, ինչպես նաև պետական կառավարման և գիտական գործունեության ոլորտներում, որտեղ արձանագրվել են կայուն աճի միտումներ։
Ծառայությունների ոլորտը, մասնավորապես ֆինանսական և ապահովագրական կազմակերպությունները, զգալի առաջընթաց են գրանցել՝ վերջին տասնամյակում գրեթե եռապատկելով աշխատանքի արտադրողականությունը։ 2023-ին այդ ցուցանիշը հասել է 32.5 մլն դրամի՝ 2013-ի 11 մլն-ի փոխարեն։ Անկումային միտում ունեցող հատվածների համեմատ՝ այստեղ զարգացման շարժիչ են թվայնացմանն ուղղված ներդրումները։ Առևտուրը, փոխադրումները, պահեստավորումը, հյուրընկալության և հանրային սննդի ծառայությունները ևս կրկնապատկել են աշխատանքի արտադրողականությունը վերջին տասը տարվա ընթացքում։
