ՀայաստանՏնտեսություն

QR կոդերը դառնում են վաճառքի նոր չափանիշ՝ Հայաստանում խստանում է վերահսկողությունը

Հայաստանում QR կոդերով ապրանքների մանրածախ վաճառքի վերահսկողությունը կխստանա։ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն QR կոդերը պարտադիր կդառնան նաև ՀԴՄ կտրոններում:

Նոր կարգավորմամբ՝ յուրաքանչյուր վաճառող պարտավոր կլինի ՀԴՄ կտրոնի վրա նշել վաճառված ապրանքի QR կոդը, ինչը թույլ կտա ոչ միայն հետևել ընդհանուր վաճառքի ծավալներին, այլև ամեն մի առանձնակի ապրանքի շարժին:

Եթե կտրոնում նշված չլինի QR կոդը, վաճառողին սպառնում է տուգանք՝ առաջին խախտման դեպքում 30 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ մինչև 3 միլիոն դրամ, երեք և ավելի անգամ խախտելու դեպքում՝ մինչև 10 միլիոն դրամ:

Այս փոփոխությունները միտված են թափանցիկություն և վերահսկելիություն ապահովել վաճառքի գործընթացում՝ ի նպաստ պետության եկամուտների ճիշտ հաշվառման: QR կոդերը մինչ այս հիմնականում փակցված են եղել փաթեթավորված ապրանքների վրա, սակայն հիմա դրանք պարտադիր կդառնան նաև կտրոններում:

Նշենք, որ 2025-ի հոկտեմբերից Հայաստանում կգործի QR վճարումների միասնական համակարգ, սակայն այն չի տարածվելու տրանսպորտային ոլորտի վրա։

Հիշեցնենք նաև, որ մի քանի ամիս է, ինչ հանրապետության խանութներում արդեն բազմաթիվ ապրանքներ վաճառվում են նոր կանոններով՝ QR կոդերով։