
7 հայկական կազմակերպության թույլատրվել է ծաղիկներ արտահանել Ռուսաստան
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում 7 հայկական կազմակերպության արդեն թույլատրվել է ծաղիկների արտահանել Ռուսաստան։ Սա նշանակում է, որ տնտեսվարողների՝ հուլիսի 9-ի բողոքի ակցիայից հետո որոշակի քայլեր են ձեռնարկվել”
ՍԱՏՄ-ն և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», իրականացրել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ հայկական ջերմոցային տնտեսություններում՝ պարզելու արտահանման հնարավորությունը։
Տեսչությունից հայտնում են, որ այդ գործընթացների արդյունքում հաստատվել է 7 արտադրողի համապատասխանությունը ՌԴ պահանջներին, և նրանց թույլատրվել է արտահանում։ Մնացած տնտեսություններում վերահսկողական աշխատանքները դեռ շարունակվում են։
ՍԱՏՄ-ն նաև տեղեկացնում է, որ առաջիկայում Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբը՝ տեղում ծաղկի ջերմոցային տնտեսություններին ծանոթանալու և բուսասանիտարական վիճակն ուսումնասիրելու նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը մտահոգություն էր հայտնել Հայաստանից մատակարարվող ծաղիկների խմբաքանակներում հայտնաբերված խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ հաղորդվել էր, որ 2025 թվականի հունիսին ՌԴ ներկրված 80 խմբաքանակից 78-ում հայտնաբերվել են տարբեր խախտումներ, ներառյալ՝ կարանտինային օբյեկտների առկայություն։