
Ինչո՞ւ է Հայաստանում սուրճը թանկանում և ինչի՞ց է կախված նրա գինը
Հայաստանում սուրճը պարզապես ըմպելիք չէ՝ դա նաև մշակույթ, առօրյա արարողակարգ և բիզնեսի արագ զարգացող ոլորտ է: Յուրաքանչյուր բաժակ սուրճի ետևում կանգնած են համաշխարհային առևտրի բարդ ցանցերը, գների փոփոխական միտումները և սպառողների հետաքրքրությունների աճը: 2024 թվականին Հայաստան ներկրվել է մոտ 12,608 տոննա սուրճ` մոտ 60,566 հազար դոլար արժողությամբ, մինչդեռ արտահանվել է միայն 2,403 տոննա, ինչը ցույց է տալիս բարձր պահանջարկը։
Հայաստանում վերջին վեց տարիների ընթացքում սուրճի գինը աճել է մոտ 1,800 դրամով: Ամենամեծ աճն արձանագրվել է մինչև 2023 թվականը, երբ 2021-ի համեմատ գնաճը կազմել է մոտ 30%։ Հետագա տարիներին գները կայունացել են, բայց մնում են զգայուն արտաքին գործոնների նկատմամբ։
Գնային տատանումները Հայաստանում կապված են համաշխարհային շուկայի իրողությունների հետ՝ հատկապես կլիմայական խնդիրների և պահանջարկի աճի հետ։ Օրինակ՝ Բրազիլիայում՝ «Արաբիկա» սուրճի առաջատար արտահանող երկրում, երաշտները և բնական աղետները նվազեցրել են բերքատվությունը՝ մինչև 60 տոկոսով: Նման իրավիճակները արագորեն անդրադառնում են սուրճի համաշխարհային գների վրա և, համապատասխանաբար, նաև Հայաստանում:
2024 թվականին կլիմայական աղետների հետ է բախվել նաև Ինդոնեզիան և Վիետնամը։ Սա նույնպես ազդեցություն է ունեցել գների փոփոխության վրա։ Բացի կլիմայական գործոններից, սուրճի սպառման մշակույթը նույնպես փոխվում է՝ հատկապես երիտասարդների շրջանում: Այն այլևս միայն ըմպելիք չէ։ Սա դարձել է ապրելակերպ, և նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսին է Չինաստանը, սուրճի պահանջարկը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել:
Ավելին, համաշխարհային բեռնափոխադրման լոգիստիկան ու աշխարհաքաղաքական անկայունությունը մեծացնում են մատակարարման ծախսերը։ Այն նույնպես ազդում է գների վրա։
Արդյունքում, սուրճի համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները անմիջականորեն անդրադառնում են Հայաստանի շուկայի վրա։ Գլոբալ մարտահրավերների աճի պայմաններում հաջորդ տարիներին հնարավոր են նոր գնային տատանումներ։