
Վանաձորի կայարանի երկաթուղային վագոնային կշեռքը կանցնի «Հարավկովկասյան երկաթուղուն»
Վանաձորի երկաթուղային կայարանը շուտով նոր շունչ է ստանալու․ այստեղ գործող, սակայն երկար տարիներ չօգտագործվող վագոնային կշեռքն ու դրա շինությունը կվերանորոգվեն և կանցնեն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրինության տակ։
Մինչ այժմ կշեռքը հաշվառված էր Պետական եկամուտների կոմիտեի բալանսում, սակայն գործնականում չէր շահագործվում։ Հիմա կառավարությունը որոշում է կայացրել այն հանձնարարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հետագայում կոնցեսիոն պայմաններով տրամադրելու «Հարավկովկասյան երկաթուղուն»։
Այս քայլը թույլ կտա Վանաձորի կայարանում իրականացնել կարևոր ծառայություն՝ բարձված վագոնների կշռում։ Սա ոչ միայն կբարձրացնի բեռնափոխադրումների արդյունավետությունը, այլև կնպաստի գնացքների անվտանգ երթևեկությանը։
Բացի այդ, վերագործարկված համակարգը կհամապատասխանի ԱՊՀ երկրների երկաթուղային փոխադրումների ընդհանուր պահանջներին, ինչը Վանաձորի կայարանին կարող է նոր դեր ու կարևորություն տալ միջազգային փոխադրումների շղթայում։
Կառավարության որոշմամբ՝ ՊԵԿ–ը երկու ամսվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ հանձնել կշեռքի շինությունն ու տեխնիկական փաստաթղթերը՝ շահագործման համար։