Տոմատի մածուկ արտադրողները կստանան պետական աջակցություն լոլիկի մթերումների համար
Հայաստանում այս տարի լոլիկի առատ բերքն առաջացրել է մթերման խնդիր։ Կառավարությունը որոշել է աջակցել տոմատի մածուկ արտադրող գործարաններին, որպեսզի ամբողջ բերքը մթերվի։
Նախագծով սահմանվում է, որ 2000 տոննա ներառյալ մթերված լոլիկի համար սուբսիդիա չի տրամադրվի, իսկ այդ շեմը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց գործարանները կստանան 10 դրամ։ Միևնույն ժամանակ, մթերվող լոլիկի գինը չի կարող լինել 40 դրամից ցածր։
2024 թվականին ամբողջ տարվա ընթացքում մթերվել էր 15,200 տոննա լոլիկ, մինչդեռ 2025-ի օգոստոսի 28-ի դրությամբ արդեն մթերվել է ավելի քան 8,800 տոննա՝ շուրջ 5,000 տոննայով ավել նախորդ տարվա նույն օրվա համեմատ։ Սակայն նախարարության գնահատմամբ՝ դեռ կա մոտ 7,000 տոննա լոլիկի մթերման խնդիր։
Գևորգ Պապոյանը նշեց, որ վերջին տարիներին միջազգային շուկայում տոմատի մածուկի գները նվազել են, ինչի պատճառով հայկական մածուկը մրցունակ չէ ոչ միայն արտահանման, այլև տեղական շուկայում։ Սուբսիդիայի շնորհիվ, ըստ նրա, տեղական արտադրության ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի արժեքին, և կլուծվի լոլիկի մթերումների այս տարվա խնդիրը։
Նախարարի խոսքով՝ աջակցությունից կօգտվեն միայն երկու գործարաններ։ Նրանցից մեկը նախատեսել էր մթերել 9,000 տոննա, բայց այս ծրագրի շնորհիվ կհասնի 14,000-ից ավելիի, իսկ մյուսը՝ նախապես ծրագրած 2,500-3,000-ի փոխարեն կմթերի մոտ 4,500-5,000 տոննա։
