
Արդյո՞ք հարկվում են ռիելթորական ընկերություններում աշխատող գործակալները
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի Ազգային ժողովը նախատեսում է նոր օրենսդրական փաթեթ, որը կկարգավորի ռիելթորական գործունեությունը և անշարժ գույքի վաճառքի համակարգը։ Այսինքն՝ պետությունը միասնական քաղաքականություն կստեղծի, որը կպաշտպանի ինչպես գույքի գնորդին, այնպես էլ վաճառողին և ոլորտի մասնագետներին։
Հայաստանում վերջին տարիներին զարգացել է ռիելթորական ընկերությունների գործունեությունը։ Համացանցում բազմաթիվ գովազդային ընկերություններ են հայտնվել, որոնք կարողանում են մեծ լսարան գրավել։ Սակայն, ատռաջին հերթին, պետք է ոլորտում մեկ այլ խնդրի ևս ուշադրություն դարձնել։ Հիմնականում ռիելթորական կազմակերպություններում գործակալները ֆիքսված աշխատավարձ չեն ստանում, այլ նրանց եկամուտը գալիս է իրենց կատարած աշխատանքից։ Պայմանական, որևէ տուն վաճառելիս գործակալը ստանում է տան 1-5 տոկոսի չափով գումար, սակայն այդ գումարը չի հարկվում։ Կամ մեկ այլ օրինակ։ Երբ գործակալը կարողանում է վարձով բնակարան գտնել, որոշ ռիելթորական կազմակերպություններ գործակալին տալիս են տվյալ գործարքի առաջին ամսվա գումարի 30-50 տոկոսը։
Հավելենք, որ նախագծի կարևոր մասը վերաբերում է ռիելթորների որակավորմանը։ Մասնագետները պետք է անցնեն որոշակի քննություններ և ստանան հատուկ վկայականներ, որպեսզի կարողանան օրինական և անվտանգ ծառայություններ մատուցել անշարժ գույքի շուկայում։
Անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացը նույնպես կվերահսկվի նոր էլեկտրոնային համակարգով։ Այս համակարգի միջոցով յուրաքանչյուր սեփականատեր կամ ռիելթոր, նախքան գույքը վաճառքի կամ վարձակալության առաջարկելը, կանցնի նույնականացում, տվյալները կստուգվեն գրանցված իրավունքների և գոյություն ունեցող սահմանափակումների նկատմամբ, և միայն դրանից հետո գույքը կհայտնվի առցանց հարթակներում։ Այս նոր մոտեցումը թույլ կտա բացառել սխալներ, շփոթմունք կամ թյուրիմացություններ գույքի մասին տեղեկատվության մեջ։
Նոր նախագծով ներդրվում է նաև անշարժ գույքի կառավարման ինստիտուտը։ Սա նշանակում է, որ սեփականատերը կարող է հանձնել գույքը կառավարիչին, որը կզբաղվի դրա վարձակալությամբ կամ օրավարձով տրամադրումով՝ ապահովելով տեխնիկական կարգավիճակի պահպանությունը և վճարումների ճիշտ իրականացումը։
Բացի այդ, ռիելթորական ընկերությունները, որոնք ունեն էլեկտրոնային հարթակներ, հնարավորություն կունենան ինտեգրվել պետական տվյալների շտեմարաններին՝ ապահովելով ցուցակագրված գույքերի ճշգրտությունը և փոխգործելիությունը առցանց կայքերի հետ։ Նրանց համար, ովքեր չեն ունենա սեփական էլեկտրոնային համակարգ, նույնպես նախատեսված է փոխգործելիության մեխանիզմ, որը թույլ կտա նրանց ցուցակագրած գույքերը ներկայացնել առցանց։