
ԱՊՀ-ն ստեղծում է մաքսային նոր կենտրոն. ի՞նչ կտա Հայաստանին այս նախաձեռնությունը
Հայաստանի կառավարությունը համաձայնել է միանալ ԱՊՀ շրջանակում նոր նախաձեռնության՝ ստեղծել միասնական փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոն։ Այն կոչված է մաքսային ոլորտում ապահովել ընդհանուր կանոններ և միասնական մոտեցումներ՝ փորձաքննությունների ու ուսումնասիրությունների ժամանակ։
Նախագծի հեղինակների խոսքով՝ կենտրոնը պետք է դառնա գործիք տեղեկատվական և վերլուծական տվյալների փոխանակման, գիտական ու մեթոդական աջակցման համար։ Այն նաև կանցկացնի հետազոտություններ, որոնք, ըստ ծրագրի, կօգնեն մաքսային մարմիններին ավելի արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ և ամրապնդել տնտեսական անվտանգությունը։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ այս քայլը թույլ կտա ԱՊՀ անդամ պետություններին համախմբել մասնագետների ներուժը, զարգացնել նրանց հմտությունները և ներդնել միասնական չափանիշներ։ Նորաստեղծ կառույցը փորձագետի լիազորություններով կգործի հինգ տարի։
Սակայն այստեղ հարց է ծագում․ արդյո՞ք այս նախաձեռնությունը իրապես փոխելու է իրավիճակը մաքսային ոլորտում։ ԱՊՀ շրջանակներում նմանատիպ համաձայնագրեր քիչ չեն եղել, սակայն դրանց արդյունքները շատ հաճախ մնացել են միայն թղթի վրա։