Երևանը պայքարում է հորդառատ անձրևների դեմ
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նկարահանել էր մի տեսանյութ, որտեղ ցույց էր տրված, թե ինչպես են մայրաքաղաքում պայքարում հորդառատ անձրևների դեմ։ Տեսանյութում պատկերված էր Մաշտոցի պողոտայի «Սիզընս» ռեստորանի մոտակայքում գտնվող գետնանցումը, որի դիմաց ժամանակավոր արգելապատնեշ էր դրվել՝ անձրևաջրերի կուտակումից խուսափելու համար։
Այն խոչընդոտում էր հետիոտների տեղաշարժը տարածքով։ Հաշվի չէր առնվել նաև այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող անձինք նոււյնպես չեն կարող մուտք գործել գետնանցում։
Տվյալ տարածքում ջրահեռացման հատուկ համակարգեր չկան, ի տարբերություն քաղաքի այլ հատվածներում գտնվող գետնանցումների։
Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևները նախորդ ամիսներին նույնպես մեծ խնդիրներ են առաջացրել։ Մի շարք ավտոմեքենաներ արգելափակվել են փողոցներում, իսկ տարբեր շինություններ լցված անձրևաջրերը հանվել են պոմպերի միջոցով։ Այս անգամ խնդիրներից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանը նշել էր, որ հատուկ գործողություններ կիրականացվեն բոլոր վարչական շրջաններում։