ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

Թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է հուշահամալիր և ներկայացրել դրա կառուցման պատմությունը: Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը ներկայացրել է նաև Հուշապատը, որի հետնամասում ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության կողմից իրականացված զանգվածային կոտորածների դեմ բողոքի ձայն բարձրացրած օտարազգի հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորներ:

Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդում տեղադրված երեք խաչքարերին, որոնք նվիրված են 20-րդ դարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ և Բաքու քաղաքներում հայերի դեմ իրականացված կոտորածների զոհերին, ինչպես նաև Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների հիշատակին:

Այցի ավարտին Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նրան Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր է նվիրել։