ՀայաստանՏնտեսություն

Մինչև 2026-ը վառելիքի ներմուծման մաքսատուրքեր չեն գանձվի․ ի՞նչ կփոխվի Հայաստանի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը զրոյացնել վառելիքի ներմուծման մաքսատուրքերն անդամ երկրների համար։ Սա վերաբերում է բենզինին, դիզելին, ավիացիոն և նավային վառելիքին, ինչպես նաև մի շարք այլ նավթամթերքների։

Ըստ ԵՏՀ-ի՝ այս քայլը արվել է ներքին շուկան կայուն պահելու համար։ Վերջին շրջանում ԵԱՏՄ երկրներում սեփական արտադրության ծավալները նվազել են, և առանց այս որոշման հնարավոր էր վառելիքի գների աճ կամ պակասորդ։

Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր անց։ Սակայն առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք արտոնությունը կվերաբերի նաև հեղուկ գազին։ Վերջինս Հայաստանում լայնորեն կիրառվում է որպես ավտոմեքենաների վառելիք։ Մինչ այժմ այս հարցին ԵՏՀ-ից մեկնաբանություն չի տրվել։

Նշենք, որ միայն 2024 թվականին Հայաստանը ներմուծել է շուրջ 470 մլն դոլարի նավթամթերք, ինչը 7 տոկոսով պակաս է 2023-ի համեմատ։ Այդ մատակարարումների մոտ 60 տոկոսը եկել է ԵԱՏՄ երկրներից, հիմնականում՝ Ռուսաստանից։

Այսպիսով, մաքսատուրքերի զրոյացումը տեսականորեն կարող է թեթևացնել ներմուծողների ծախսերը և զսպել գների աճը։