
Տարածաշրջանում աճող ատոմային ազդեցության ֆոնին Հայաստանը փնտրում է իր տեղը
Ատոմային էներգետիկան Հայաստանում միշտ էլ ռազմավարական նշանակություն է ունեցել, որի շուրջ այսօր մեծ թափով քննարկումներ են ընթանում։ Մեծամորում գործող ատոմային էլեկտրակայանը, որը շահագործման է հանձնվել 1980 թվականին, երկար տարիներ եղել է երկրի էներգետիկ կայունության առանցքային աղբյուրը։ Սակայն վերջին տասնամյակներում անվտանգության, տեխնիկական մաշվածության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերը ստիպում են օրակարգ բերել նոր ատոմակայան կառուցելու գաղափարը։ Հայաստանի կառավարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ քննարկում է նոր ԱԷԿ-ի կառուցման տարբերակները՝ հաշվի առնելով ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ ֆինանսական գործոնները։ Դրանք ներառում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանիսայի և արևելյան այլ գործընկերների հետ համագործակցությունները։
Բացի այդ, վերջին ամիսներին նկատվում է հետաքրքրություն փոքր մոդուլային ատոմակայանների գաղափարի նկատմամբ։ Այս համակարգերը համարվում են ավելի անվտանգ, ճկուն և արագ կառուցվող, ինչը հատկապես գրավիչ է փոքր շուկա ունեցող Հայաստանի նման երկրների համար։
Հայաստանի էներգետիկ անկախությունը միշտ էլ կապված է եղել ոչ միայն ներքին արտադրական հզորությունների, այլև տարածաշրջանային համագործակցության հետ։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստան–Իրան էներգետիկ համագործակցությունը։ Երկու երկրների միջև գործող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը շարունակում է մնալ կենսունակ, իսկ վերջին հայտարարությունները վկայում են դրա ընդլայնման հնարավորության մասին։ Այս համատեքստում հարկ է նշել, որ վերջերս արված հայտարարությունների հիման վրա՝ ավարտվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքները։ Երկու կողմերի պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ առաջիկայում Հայաստանը կկարողանա գրեթե եռապատկել էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան՝ հասցնելով այն մոտ 1000 մեգավատ ժամի։ Միաժամանակ, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործող ծրագրի շրջանակում կավելանա նաև գազի ներմուծման ծավալը Հայաստան։ Այս համագործակցությունը ոչ միայն լրացուցիչ կայունություն է ապահովում Հայաստանի էներգետիկ համակարգում, այլև հնարավորություն է ստեղծում դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները՝ նվազեցնելով կախվածությունը մեկ գործընկերոջից։ Չնայած գազի ներմուծման ծավալների ավելացման մասին հայտարարություններին, նոր գազատարների կառուցման կամ գործող ուղիների ընդլայնման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։
Բացի Իրանից, Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանում նաև Վրաստան։ Սակայն հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով շուրջ 7 տարի Հայաստան-Վրաստան էլեկտրահորդման նոր գծերը չեն կառուցվում։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է ավելի քան 6․45 միլիարդ կՎտԺ էլեկտրաէներգիա, որից ավելի քան 995 միլիոն կՎտԺ-ը արտահանվել է Իրան, 56 միլիոնը՝ Վրաստան։ Մնացած մասը սպառվել է ներքին շուկայում։
Հայաստանի նոր ԱԷԿ-ի շուրջ քննարկումները, սակայն, պետք է դիտարկել նաև տարածաշրջանային էներգետիկ անվտանգության համատեքստում։ Թուրքիայում արդեն գործարկվել է Աքքույու ատոմակայանի առաջին ռեակտորը, որը կառուցվել է ռուսական «Ռոսատոմի» կողմից։ Նման զարգացումները մի կողմից ցույց են տալիս Ռուսաստանի շարունակական ազդեցությունը տարածաշրջանի էներգետիկ քարտեզի ձևավորման վրա, մյուս կողմից՝ առաջացնում են հավասարակշռության նոր պահանջներ։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանի ատոմակայաններ ունեցող պետությունները կարծես փորձում են հավասարակշռել ուժերը և կենտրոնանալ նաև այլ երկրների առաջարկների վրա։ Այս առումով սեպտեմբերի 29-ին Հայաստանն ու ԱՄՆ-ն Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցություն են սկսել։
Թուրքիան, իր հերթին, ձգտում է դառնալ տարածաշրջանի առաջատար ատոմային գերտերություններից մեկը։ Երկիրը նախատեսում է կառուցել երեք ատոմակայաններ, որոնցից առաջինը՝ «Աքքույուն», արդեն կառուցվում է Մերսին նահանգում։ Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի՝ առաջին ռեակտորի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։ Միաժամանակ, Անկարան բանակցում է Ռուսաստանի, Չինաստանի, Կանադայի և Հարավային Կորեայի հետ՝ երկրորդ և երրորդ ատոմակայանների կառուցման ուղղությամբ։
Ատոմային էներգետիկան այսպիսով վերածվում է ոչ միայն էներգետիկ, այլև աշխարհաքաղաքական գործոնի՝ սահմանելով նոր հարթություն Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգում։