ՀայաստանՏնտեսություն

Սևանա լճում հայտնաբերվել են ձկնորսական ապօրինի միջոցներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների աշխատակիցները, մշտադիտարկում իրականացնելով Գեղարքունիքի մարզի Ծովազարդ բնակավայրին հարակից տարածքում, Սևանա լճից հայտնաբերել և դուրս են բերել 346 ապօրինի խեցգետնաորսիչ և 90 ձկնորսական ցանց։

Բնության պահպանության նպատակով 76 խեցգետին անմիջապես ազատ է արձակվել լիճ։ Հայտնաբերված փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, և ներկայումս իրականացվում են աշխատանքներ՝ իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախորդ օրերին նույն ծառայությունը, Հայրավանքին հարող տարածքում իրականացրած միջոցառման արդյունքում, հայտնաբերել էր լրացուցիչ 67 խեցգետնաորսիչ և 18 ձկնորսական ցանց։

Հարկ է հիշեցնել, որ ՀՀ Կառավարության որոշմամբ հստակ սահմանված են Սևանա լճում ձկնորսական գործունեության թույլատրելի չափաքանակները, ժամկետները, ինչպես նաև որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։ Մասնավորապես, 2025 թվականի համար խեցգետնի արդյունագործական որս չի թույլատրվում, իսկ սիգի որսը պետք է կատարվի լճի ողջ տարածքում, սակայն ափից նվազագույնը 500 մետր հեռավորության վրա։

Նշված բոլոր միջոցառումները միտված են Սևանա լճի բնական ռեսուրսների պահպանության և վերականգնման ապահովմանը։