ՀայաստանՏնտեսություն

Ինչո՞ւ չի նվազել էլեկտրաէներգիայի գինը․ ՀԷՑ-ի նախկին տնօրենը մանրամասներ է հայտնել

Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացումը, որը մեկնարկել է 2022 թվականին, հանգեցրել է ֆինանսական կորուստների և կանխել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը։ Այս մասին նոյեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ 2023-2025 թվականների ընթացքում շուկայից դուրս է մնացել շուրջ 30 միլիարդ դրամ, ինչի հետևանքով հնարավոր չի եղել նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում վերացվել է էլեկտրաէներգիայի գնելու և վաճառելու մենաշնորհը․ շուկայում հայտնվել են թրեյդերներ, որոնք էլեկտրաէներգիա են վաճառում խոշոր սպառողներին՝ շրջանցելով ՀԷՑ-ը։

Ղազինյանի գնահատմամբ՝ սա հանգեցրել է շուկայի հավասարակշռության խախտման։

Նրա խոսքով՝ հիմնականում թրեյդերներից օգտվում են խոշոր կազմակերպությունները, որոնք վճարում են ավելի ցածր սակագնով, ինչի արդյունքում բնակչության համար գինը մնում է անփոփոխ։