ՀայաստանՏնտեսություն

Ռուսական ցորենով առաջին գնացքը Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նոյեմբերի 4-ին ռուսական ցորենով բեռնված առաջին գնացքը անցել է Ադրբեջանի տարածքով և ուղևորվել դեպի Հայաստան։ Ըստ APA գործակալության՝ բեռը Ռուսաստանից մաքսազերծվել և Ադրբեջանի և Վրաստանի միջոցով Հայաստանի Դալարիկ կայարան է ուղարկվել 15 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխում էին 1048 տոննա և 800 կգ հացահատիկ։

Հայկական կողմից այս տեղեկությունը առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ստացել։ Հարկ է նշել, որ հացահատիկի տարանցման մասին էլ էր առաջինը ադրբեջանական կողմը խոսել։ Սակայն կարևոր է նշել, որ սկզբնական շրջանում խոսվում էր ոչ թե ռուսական, այլ ղազախական ցորենի մասին։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահը Ղազախստանում հայտարարել էր, որ Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելքը։ Իսկ ռուս փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը իր հերթին հայտարարել էր, որ Բաքուն հաստատել է ռուսական արտադրանքի տարանցումն ապահովելու պատրաստակամությունը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանը շուտով կստանա ղազախական ցորենի առաջին խմբաքանակը, որը կանցնի Ադրբեջանով․ Ակտաուից Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծերով ցորենը կհասնի Հայաստան։