ՀայաստանՏնտեսություն

Ինչո՞ւ էր բանկը կրկնապատկել արդեն իսկ արված գնումները

Այսօր առավոտից մի շարք օգտատերեր սոցիալական ցանցերում ահազանգել էին, որ InecoBank-ի իրենց հաշվեհամարներից կրկնակի գումար է գանձվել։ Օգտատերերի խոսքով՝ խնդիրն ի հայտ է եկել նոյեմբերի 11-ի գիշերը. բանկային գործարքների պատմություններում նկատվել են նախորդ օրերի գնումների կրկնօրինակ գրառումները։

Ի պատասխան քաղաքացիների դժգոհություններին՝ բանկը հրապարակել է պաշտոնական պարզաբանում՝ մանրամասնելով, որ համակարգի բարելավման աշխատանքների ընթացքում սահմանափակ քանակի գործարքներ տեխնիկական պատճառներով կրկնակի են գրանցվել։

Ըստ հայտարարության՝ խնդիրը նույնականացվել է և գտնվում է շտկման փուլում։ Հաճախորդները որևէ ֆինանսական կորուստ չեն կրել, իսկ գումարները պարզապես ժամանակավոր սառեցվել են։ Բանկը վստահեցնում է, որ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում, իսկ օգտատերերի կողմից հավելյալ գործողություններ չեն պահանջվում։

Մարինա Գրիգորյան