ՀայաստանՏնտեսություն

Հրազդանի «Ցեմենտի» գործարանը փակման վտանգի առաջ է, աշխատակիցները 13 ամիս աշխատավարձ չեն ստացել

Հրազդանի «Ցեմենտի» գործարանում նոյեմբերի 10-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել. գործարանի 400 աշխատակիցները 13 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Նրանք պահանջում էին պարզաբանել, թե ինչ է լինելու իրենց վարձատրության և գործարանի հետագա գործունեության հարցը։

Աշխատակիցները նշում են, որ տարիներ շարունակ արտադրանքը արտահանվել է, սակայն այսօր գործարանը դարձել է ներմուծող։

Նրանք հավելեցին, որ գործարանն արդեն սնանկ է ճանաչվել, քանի որ 579 միլիոն դրամը չեն վճարել՝ արտադրած ցեմենտի դիմաց։

Աշխատակիցների խոսքով՝ դիմումներ են ներկայացրել վարչապետին, սակայն հարցը փոխանցվել է Էկոնոմիկայի և Արդարադատության նախարարություններին։

Գործարանի աշխատակիցները ընդգծում են, որ «Հրազդանի ցեմենտը» կարևոր է ոչ միայն իրենց աշխատանքի, այլև երեխաների ապագայի համար։

Հիշեցնենք, որ «Հրազդանի ցեմենտի» սեփականատերերը բազմիցս են փոխվել. 2001-ին այն սեփականաշնորհվել է «ՄԻԿԱ Արմենիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովի կողմից՝ վերանվանվելով «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ, 2016-ին փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, իսկ 2017-ին ձեռք է բերել «Հրազդանի ցեմենտ» կորպորացիան։ Սնանկության գործընթացը սկսել է 2022 թվականին։ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան է ներմուծվել 248.191 տոննա ցեմենտ: Նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 310 հազար տոննա ցեմենտ: