ԵԱԶԲ-ն աջակցություն կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Եվրասիական զարգացման բանկից 10 մլն դոլարի վարկ կստանա՝ բիզնես գործընթացների թվայնացման նպատակով։ Այս մասին Մոսկվա–Մինսկ–Աստանա–Բիշքեկ–Երևան–Տաշքենդ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։ Վերջինիս խոսքով՝ բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է վարկը, որը կուղղվի արտադրության կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն։
ԵԱԶԲ-ն ակտիվորեն աջակցում է թվային տեխնոլոգիաների ներդրմանը և արհեստական բանականության կիրառմանը իր բաժնետեր երկրներում։ Բանկը նաև դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում՝ խոշոր նախագծերի համար տրամադրելով մինչև 1 մլն դոլար ֆինանսավորում։ Փոքր նախագծերի դեպքում դրամաշնորհների չափը կարող է լինել մոտ 200 հազար դոլար։
Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանը, հետաքրքրվածության դեպքում, կդիմի հիմնադրամին։ Իսկ կառավարության հետ նմանօրինակ բազմաթիվ այլ նախագծեր արդեն քննարկվել են։
ԵԱԶԲ-ի կողմից վերջին տարիներին իրականացված ծրագրերից են 80 000 դոլարի տրամադրումը՝ ֆինանսների նախարարության կառավարման օղակի 55 ներկայացուցիչների որակավորման բարձրացման համար, Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար տրամադրված 26 միլիոն դոլարի վարկը և այլն։
