
Տաթև համայնքում կստեղծվի գյուղատնտեսական, հուշանվերների և արհեստագործական ապրանքների շուկա
Նախատեսվում է Տաթև համայնքում կառուցել գյուղատնտեսական ապրանքների, հուշանվերների և արհեստագործական իրերի շուկա, որը կդառնա մանրածախ առևտրի և ժամանցի կենտրոն։ Կառուցվելու է շուրջ 20-25 նոր տաղավար տեղական արտադրողների և առևտրականների համար։ Այն ուղղված է համայնքի տնտեսական հնարավորությունների բարելավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Շուկան կկառուցվի «Տաթևեր» ճոպանուղուց մինչև Տաթևի վանք ընկած ճանապարհին։
Սկզբնական շրջանում Տաթևի համայնքի անդամներին և Արցախից բռնի տեղահանված մարդկանց մանրածախ վաճառքի կետերի տրամադրումն անվճար է լինելու։ Շուկայի հետագա գործունեությունը հիմնվելու է սոցիալական ձեռներեցության սկզբունքների հիման վրա և ստացված շահույթը ուղղվելու է համայնքի զարգացմանը։
Ծրագիրը իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը։ Վերջինս Տաթև համայնքում իրականացրել է նաև բարեգործական այգու կառուցում, որից ստացված շահույթը նույնպես ուղղվել է համայնքի զարգացմանը
Ծրագիրը համայնքի և զբոսաշրջության զարգացման համար մեծ նշանակություն կունենան։ Զբոսաշրջիկները կարող են այնտեղից առևտուր անել, իրենց ժամանակը անցկացնել։ Մեր ծրագրերը հիմնականում ուղղված են Տաթև համայնքին։ Ընտրությունը պատահական չէ․ Տաթևը շատ մեծ զբոսաշրջային գյուղ է, բացի այդ, Տաթևի զարգացումը միշտ եղել է մեր հիմնադիր Ռուբեն Վարդանյանի ծրագրերից մեկը, — նշեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը։
Ծրագրի իրականացման համար դրամահավաք է իրականացվում։ Հավաքվել է արդեն գումարի կեսից ավելին։ Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, շուկայի կառուցումը նախագծման փուլում է։ Դրանից հետո արդեն համապատասխան իրավական գործընթացներից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։
Ամեն դեպքում մենք ծրագիրը սկսելու ենք և հույս ունենք, որ մինչև նախատեսված ավարտը ամբողջ գումարը կհավաքվի: Դրանից կախված, եթե հանկարծ գումարի հավաքագրումը ուշանա, մենք կակտիվացնենք մեր ֆոնդհայթայթման գործունեությունը։ Առնվազն աշխատանքի սկիզբը կտանք, հետագա աշխատանքը կանենք գումարների հավաքագրմանը զուգահեռ, — նշեց Գրիգորի Մարտիրոսյանը։
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականությամբ։