ՀայաստանՏնտեսություն

Հոկտեմբերին Հայաստանում աշխատատեղերի և միջին աշխատավարձի աճ է գրանցվել

Այս տարի հոկտեմբերին Հայաստանում արձանագրվել է գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թվի ռեկորդային աճ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ 2025 թվականի հոկտեմբերին երկրում գրանցվել է 810 074 աշխատատեղ, ինչը 2018 թվականի համեմատ ավելացել է 223 895-ով կամ 38%-ով։ Փաշինյանը նշել է, որ սա բացառիկ ցուցանիշ է Հայաստանի պատմության մեջ նման ժամանակահատվածում և ընդգծել է՝ աճը շարունակական է։

Միջին աշխատավարձը հոկտեմբերին կազմել է 313 000 դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 135 657 դրամով կամ 76%-ով։ Վարչապետը շեշտել է, գնաճը այդ ժամանակահատվածում չի հասել 76%-ի, իսկ աշխատավարձերի աճը երկնիշ է՝ շուրջ 20%-ից բարձր։

Անդրադառնալով հարկային ցուցանիշներին՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերին վճարված եկամտային հարկը կազմել է 50 միլիարդ 699 միլիոն դրամ, որը 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել է մոտ 95%-ով՝ գրեթե կրկնակի։

Վարչապետը նաև անդրադարձել է անշարժ գույքի շուկային. գնված բնակարանների գործարքները աճել են 67 000-ով կամ 64%-ով, իսկ մարզերում առաջնային շուկան արձանագրել է 1104%-անոց աճ։

«Այս բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։

Մարինա Գրիգորյան