ՀայաստանՏնտեսություն

ՍԱՏՄ-ն հերքում է ղազախական ցորենի վերաբերյալ տարածվող պնդումները

Սոցիալական հարթակներում շարունակվում են Ղազախստանից ներկրված ցորենի շուրջ քննարկումները։

Ի պատասխան՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ հայտարարել է, որ իրականացվել է նմուշառում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակներից։

Լաբորատոր փորձարկումներն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ երեք հիմնական ուղղություններով։

Առաջին հերթին կատարվել են բուսասանիտարական փորձարկումներ. միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների ընթացքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։

Երկրորդ ուղղությամբ իրականացվել են անվտանգության ցուցանիշների փորձարկումներ, որոնք ցույց են տվել, որ սահմանային թույլատրելի խտություններից որևէ շեղում չի արձանագրվել։

Երրորդ ուղղությամբ կատարվել են որակի ցուցանիշների փորձարկումներ. սպիտակուցի զանգվածային մասի, սոսնձանյութի քանակության, խոնավության և զգայաբանական ցուցանիշների (գույն, հոտ) գնահատման արդյունքում Ռուսաստանից ներմուծված նմուշը համապատասխանել է 2-րդ կարգի, իսկ Ղազախստանից ներմուծվածը՝ 3-րդ կարգի ցորենին։

ՍԱՏՄ փոխանցմամբ՝ պնդումները, որ «ղազախական ցորենը աճեցվել է միջուկային փորձարկումների տարածքներում», որևէ միջազգային կամ պաշտոնապես հաստատված աղբյուրով չեն հիմնավորվում։

Մարինա Գրիգորյան