ՀայաստանՏնտեսություն

2026-ի հունվարի 2-ից վեց ամսով կկասեցվի Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը

2026 թվականի հունվարի 2-ից վեց ամիս ժամկետով Հայաստանից կկասեցվի սիգի ձկնկիթի արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարությունի այսօրվա նիստում։

Կառավարության հիմնավորմամբ՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պարենային անվտանգության ապահովման, Սևանա լճում կենսապաշարների կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջներով։

Նշվում է, որ չնայած վերջին տարիներին սիգի կենսազանգվածի աճին, առկա միտումը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Ըստ որոշ գիտական գնահատումների՝ սիգի ընդհանուր պաշարը պետք է կազմի մինչև 10 հազար տոննա, իսկ արդյունագործական որսի ծավալը՝ շուրջ 2 հազար տոննա և ավելի։

Սևանա լճում սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ամեն տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է խստացված միջոցառումների համալիր՝ սիգի որսի արգելքի ընթացքում ապօրինի որսը բացառելու համար։

Կառավարության որոշմամբ արտահանման արգելքը միտված է նաև միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական ազդեցությունների կանխարգելմանը։