ՀայաստանՔաղաքականություն

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այցելել է Լոռու մարզ

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այցելել է Լոռու մարզ։ Այնտեղ «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների հետ էլեկտրագնացքով շրջել է Վանաձոր — Ախթալա երկաթուղային գծով։ Տեղում նա մանրամասն ծանոթացել է 2024 թվականի մայիսի 25-ին ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին։

Դրանից հետո նա հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին։

«Պետք է ուշադրություն դարձնել մի բանի։ Կա մեդիա աշխարհ և իրական աշխարհ։ Մենք այսօր քայլել ենք իրական կամուրջի վրա, ունենք ապրանքաշրջանառության իրական աճ, Հայաստանի ղեկավարները իրենց իրական ազդեցությունը ունեն ԵԱՏՄ-ում։ Երբեմն մեդիայի ստեղծած աշխարհը չի համապատասխանում իրականությանը», — ասել է Օվերչուկը։

Նա խոսել է նաև ապաշրջափակման մասին և նշել, որ այն հնարավոր է միայն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց հնարավոր է եղել հասնել երեք երկրների առաջնորդների մակարդակով, և որոնք իրենց արտահայտումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։