ԱշխարհՀայաստանՏնտեսություն

Կայացել է Հայաստան-Քուվեյթ առաջին գործարար համաժողովը

Քուվեյթի Պետության Առևտրի և արդյունաբերության պալատում կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ։

Հայկական պատվիրակությունը բաղկացած էր 15 անդամից։ Գլխավորում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Պատվիրակության կազմում էր նաև «Enterprise Armenia» հիմնադրամի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը։

Քննարկումների առանցքում եղել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ներդրումային նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։

Ինչպես փոխանցում են ԲՏԱ նախարարությունից, համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև քաղաքավարական հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի և Քուվեյթի Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կարգավորող մարմնի (CITRA) ղեկավարության միջև։

Մարինա Գրիգորյան