Գուրգեն Մարգարյանի սպանությունից անցել է 22 տարի
2004 թվականին 26-ամյա ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը և ևս մեկ ադրբեջանցի սպա ժամանել էին Բուդապեշտ՝ մասնակցելու անգլերենի եռամսյա դասընթացների՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։
Դասընթացներին մասնակցում էր նաև երկու հայ սպա՝ 25-ամյա Գուրգեն Մարգարյանը և Հայկ Մակուչյանը։ Բոլոր մասնակիցները բնակվում էին Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանի՝ Միկլոշ Զրինիի անվան հանրակացարանում։
Փետրվարի 19-ի առավոտյան՝ մոտ ժամը 05։00-ին, Սաֆարովը մուտք է գործել այն սենյակ, որտեղ բնակվում էր Գուրգեն Մարգարյանը և նրա հունգարացի համակուրսեցին՝ Բալաժ Կուտին։ Սաֆարովը խանութից նախօրոք ձեռք բերած կացնով քնած Մարգարյանին հասցրել է 16 հարված գլխի և պարանոցի հատվածում՝ պատճառելով մահ։
Բալաժ Կուտին, արթնանալով աղմուկից, տեսնելով կատարվածը՝ փորձել է կանգնեցնել հարձակվողին, ապա դուրս վազել՝ օգնություն կանչելու։ Շուտով դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին։
Դատավարությունը տեղի է ունեցել Հունգարիայում։ Պաշտպանական կողմը փորձել է հիմնավորել Սաֆարովի արարքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությամբ։ Դատարանի նշանակած հոգեբուժական փորձաքննությունը նրան ճանաչել է մեղսունակ։
Հունգարիայում Սաֆարովին դատապարտել են ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարիներին առանց պայմանական ազատման իրավունքի։ Դատավորը իր որոշումը հիմնավորել է հանցագործության առանձնահատուկ դաժանությամբ և այն հանգամանքով, որ մեղադրյալը չի զղջացել իր կատարածի համար։
2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովը փոխանցվել է Ադրբեջան՝ պատժի հետագա կրման համար։
Նույն օրը նա ներում է ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Բացի այդ՝ նրան շնորհվել է բնակարան, ստացել է մայորի կոչում՝ վճարվելով աշխատավարձ այն ութ տարիների համար, որոնք նա անցկացրել էր կալանքի տակ։
Այս որոշումը հանգեցրել էր Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը։ 2022-ին երկրների միջև վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները։

